Այսօր դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է
Ժողովրդի սրտում մնում են այն արվեստագետները, որոնց համար գերակա արժեքը ազգն ու հայրենիքն են, և օրհասի ժամին միշտ կանգնում են պայքարի առաջին գծում: Հենց այսպիսի եզակի մտավորականներից էր Վիգեն Ստեփանյան-արտիստը:
Վիգեն Ստեփանյանը թողեց ավելին, քան հասցրել ենք տեսնել` բազմաթիվ դերեր թատրոնում, ֆիլմերում, ինչպես նաև` իր իսկ բեմադրությունները:
Հայ դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ, իսկ ուսանողների համար պարզապես սիրելի վարպետ, որ իր կոչումը վաստակել էր սեփական կյանքով` ինքն իր հետ մինչև վերջ ազնիվ մնալով:
Վիգեն Ստեփանյանը բազմաթիվ դերեր է խաղացել, ինչպես մի շարք թատրոններում, այնպես էլ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
1989-ին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք է դարձել «Մետրո» թատրոնի համար: Մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը:
1994-2003 թթ. աշխատել է Լիբանանում:
2003 -ին վերադառնալով Հայաստան` նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Վիգեն Ստեփանյան-արտիստը հայտնություն էր նաև Հեռուստաթատրոնի և ռադիոյի համար` իր կերտած կերպարներով, գլխավոր ու էպիզոդիկ դերերով, որոնց մասին քիչ է խոսվել:
«Վիգեն Ստեփանյանի նման արտիստները հազվագյուտ են»,- ասում է արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանը, որը Վիգեն Ստեփանյանի հետ բազմաթիվ մնայուն արժեքներ է ստեղծել «Հեռուստաթատրոնում»: Դրանցից մեկը գրող, դրամատուրգ, ազգային հիշողության և պատմության պահապան Հովհաննես Մելքոնյանի սցենարով գրված և 1984-ին Հերբերտ Գասպարյանի բեմադրած «Հրաչյա Քոչարը ներկայանում է» հեռուստաներկայացումն էր, որտեղ Վիգեն Ստեփանյանը մարմնավորել է գրող Հրաչյա Քոչարին: Ներկայացման այս ձևով պատմվում է գրողի, լրագրողի մասնակցությունը Մեծ Հայրենականին: Իսկ Վիգեն Ստեփանյան-Հրաչյա Քոչարը խաղացել է անկրնկնելի:
Հերբերտ Գասպարյանի հետ մենք զրուցել ենք Վիգեն Ստեփանյանի «Հեռուստաթատրոնում» խաղացած կերպարների մասին, որոնք բազմաթիվ պատմությունների հետ միասին գծում են արվեստագետի կերպարը։
-ՈՒզում եմ նշել նաեւ, որ Վիգեն Ստեփանյանը փայլուն արտիստ լինելուց բացի նաև ինքն էր հրաշալի բեմադրիչ: Դրա դրսևորումներից էր այն, որ, երբ աշխատում էինք «Հրաչյա Քոչարը ներկայանում է» հեռուստաներկայացման վրա, ես որպես բեմադրող ռեժիսոր, իսկ Վիգեն Ստեփանը`ՙ գլխավոր հերոս, նրա հետ մի քանի դրվագներ մտածեցինք ու ավելացրեցինք: Հետո Հովհաննես Մելքոնյանը ծանոթացավ կատարված աշխատանքին ու ասաց.
– Ապրեք, տղաներ, հոյակապ է:
Շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը: Մեր պայքարն այսօր էլ չի ավարտվել… Եվ Ձեր թողած գաղափարական դասերը միմյանց փոխանցելով՝ վերադարձնելու ենք այդ պակասող լույսը, որը մեզ կօգնի վերահաստատելու մեր իրական արժեքները և վերականգնելու մեր բաժին պատմական արդարությունը:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ